«Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում խնդրում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին մասնակցել այս տարի Ծաղկաձորում անցկացվելիք ԱՊՀ երկրների համատեղ «Երիտասարդական ֆորում 2011»-ին:
Այս էջը շատ ակտիվ թարմացվում է մի քանի հայ օգտատերերի կողմից, ովքեր նկարներ և տեսանյութեր են տեղադրում Պուտինի մասին:
Մասնավորպես, մի քանի լուսանկարներում Վլադիմիր Պուտինը պատկերված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ լուսանկարներից մեկում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Կա լուսանկար, որտեղ Պուտինը պատկերված է Հայաստանի դրոշի ֆոնին: Մեկ այլ լուսանկարում ՌԴ վարչապետը պատկերված է որսի ժամանակ՝ սպանված վագրի կողքին:
Էջում տեղադրված տեսանյութերից մեկում Վլադիմիր Պուտինը խոսում է հայերի և նրանց պատմության մասին, մեկ այլ տեսանյութում նկարահանված է, թե ինչպես է Պուտինը նիզակով կետ սպանում: Կան նաև այլ տեսանյութեր՝ երգող Պուտինը, ձյուդոյով զբաղվող Պուտին, տնային կենդանի սիրող Պուտինը, «Ֆորմուլա 1» դասի ավտոմեքենա վարող Պուտինը և այլն:
Խմբի հայ օգտատերերը կոչ են անում բոլորին ակտիվ լինել, որպեսզի «Պուտինը լսի մեր խնդրանքը, ցանկությունը և մասնակցի այս տարվա երիտասարդական ֆորումին»:
Նշենք, որ «Հայաստանի երիտասարդական կառավարության» պաշտոնական կայքի տեղեկացմամբ երիտասարդների հավաքը «անցկացվելու է օգոստոսի 20-ից 30-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո»: Ֆորումի ընթացքում անկացվելու են տարատեսակ դասընթացներ, ժամանցային միջոցառումներ, մրցույթներ և այլն: