Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Վաշինգտոն կմեկնի երկուշաբթի` հուլիսի 11-ին:
Եռօրյա այցի ընթացքում Լավրովը կհանդիպի ԱՄՆ կառավարության հետ և կքննարկի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը: Ակնկալվում է, որ ռուսաստանյան ԱԳ նախարարության ղեկավարը ԱՄՆ-ին կներկայացնի հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կարգավորման վերաբերյալ վերջին առաջարկները:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հունիսի 24-ին Կազանում կայացած նախագահներ Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո կողմերը փոխադարձաբար մեղադրեցին միմյանց երկխոսության տապալման մեջ, ՌԴ ԱԳ նախարարը նախագահ Մեդվեդևի կարգադրությամբ հուլիսի 8-ին այցելեց Երևան և Բաքու: Նա երկու երկրների ղեկավարներին փոխանցեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի առաջարկները:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: