Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի աշխատակիցներ Անահիտ Գրիգորյանի, Սաթենիկ Սարգսյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե և Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նշենք, որ Անահիտ Գրիգորյանը և Սաթենիկ Սարգսյանը արդեն մեկ տարուց ավելի է` գտնվում են «Աբովյան» ՔԿՀ-ում: Նախորդ դատավարություններից մեկի ժամանակ մեղադրյալների պաշտպանները միջնորդել են փոխել նրանց խափանման միջոցը, քանի որ երկուսն էլ լրջագույն առողջական խնդիրներ ունեն, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը:
Այսօր Գրիգորյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ սույն քրեական գործը հարուցվել է Կենտրոնական բանկում ձևավորված կարծիքի հիման վրա:
«ԿԲ-ի կողմից կարծիք է ձևավորվել, որ Անահիտ Գրիգորյանի կողմից 2003-2009թթ. մոտ մեկ միլիարդ դրամ գումար է յուրացվել: Ասեմ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում ստուգումները անցկացվել են, և ոչ մի անգամ ստուգման ակտով որևէ չարաշահում չի հայտնաբերվել և աուդիտորների կողմից, և հարկային տեսչության կողմից»,- նշել է Գրիգորյանի պաշտպանը:
Այսօր հարցաքննվեց միայն տուժողի ներկայացուցիչ, «Հայինկասացիա» ՓԲԸ իրավաբան Լիանա Մխիթարյանը: Մեղադրյալների պաշտպանները հարցրեցին վերջինիս, թե որտեղից նրան նախաքննական ցուցմունքում տված այն տեղեկությունը, թե Անահիտ Գրիգորյանը հափշտակել է այդ գումարը:
Մխիթարյանը պատասխանել է, որ այդպես էր գրված քննիչի որոշման մեջ: Հացին, թե արդյոք իրեն որևէ մեկն ուղղորդել է իր ցուցմունքը գրելիս և ով է ներկա եղել այդ պահին, Մխիթարյանն ասել է, որ այդ պահին այնտեղ ներկա են եղել մեղադրյալներից Արմեն Գրիգորյանը և ևս 4 հոգի, իսկ քննիչն իրեն ձևն է ցույց տվել:
Անահիտ Գրիգորայնը ևս բազմաթիվ հարցեր է ուղղել Մխիթարյանին, որոնց վերջինս խոստացել է սպառիչ պատասխանել հաջորդ դատական նիստին:
Անահիտ Գրիգորյանը հանդես է եկել նաև հայտարարությամբ, մասնավորապես, նշելով հետևյալ.
«ԿԲ-ում կարծիք է ձևավորվել, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի կողմից անցած 7 տարիներին յուրացվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ: Մինդեռ նախաքննության նյութերում բացակայում է որևէ ստուգող կազմակերպության, Ֆինանսների նախարարության, Հարկային տեսչության, Աշխատանքի տեսչության, Կենսաթոշակային հիմնադրամի, Պետռեգիստրի և այլն, որևէ աուդիտորական կազմակերպության, ԿԲ-ի որևէ աշխատանքային խմբի գործում վկայակոչված ստուգման ակտերն ու գրավոր եզրակացություններն իրենց մասնագիտական հիմնավորումներով մեկ միլիարդ դրամի յուրացման հավաստիության վերաբերյալ: Հուսով եմ, որ մինչև իմ կողմից դատաքննական ցուցմունք տալը ինձ վերջնականապես կներկայացվի մեկ միլիարդ դրամի յուրացման փաստը հիմնավորող ստուգող որևէ կազմակերպության կողմից հաստատված գրավոր փաստաթուղթ»:
Դատական նիստի ավարտին Վարդուհի Էլբակյանը նշել է, որ պաշտպանական կողմի ներկայացրած ոչ մի հիմանավոր միջնորդություն դատավոր Լևոն Ավետիսյանը մինչև հիմա չի բավարարել և դատավարության ամբողջն ընթացքն ուղղորդված է: