Հուլիսի 8-ին մեկնարակած Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում աչքի ընկան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները:
Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, երեկ սեփական հարկի տակ առաջնության մեկնարկը տվեց «Օբոլոնի» հետ խաղով: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չեկավ, սակայն, հանդիպման 67-րդ րոպեին փոխարինման դուրս գալով, հասցրեց գոլի հեղինակ դառնալ 83-րդ րոպեին:
2:0 հաշվի ժամանակ «Օբոլոնի» պաշտպանները «մոռացել էին» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին 11-մետրանոց նշակետի մոտ, և Մխիթարյանը եզրից փոխանցում ստանալով Ալեքսեյ Գայից ընթացքից հարված կատարեց: Գնդակն անդրադառնալով դարպասաձողից հայտնվեց ցանցում:
«Շախտյորը» վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով, բացի Մխիթարյանից գոլերի հեղինակներն դարձան Սելեզնյովը, Դենտինյոն և Լուիզ Ադրիանոն:
Դոնեցկի մեկ այլ թիմ` «Մետալուրգը», որի կազմում հանդես են գալիս երեք հայաստանցիներ` Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին, հյուրընկալվեց Օդեսայում:
Այս տարի Ուկրաինայի առաջնության պրեմյեր-լիգա վերադարձած «Չեռնոմորեցը» «Մետալուրգին» զիջեց բոլոր գործոններով: Նշենք, որ Դոնեցկի թիմի հիմնական կազմում խաղադաշտ էին դուրս եկել Ղազարյանը և Մարկոսը, իսկ վնասվածքից վերջերս ապաքինված Մկրտչյանը փոխարինեց Մարկոսին հանդիպման ավելացված 2-րդ րոպեին:
«Չեռնոմորեցի» հետ խաղում Մարկոսն ու Ղազարյանը փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին: Նրանք մասնակցում էին «Մետալուրգի» գրեթե բոլոր գրոհներին և բազմիցս հարվածային դիրքեր դուրս գալիս: Մարկոսը դեռևս առաջին խաղակեսում կարող էր 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Դրվագներից մեկում նրա մոտ տարածությունից հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ, մեկ այլ դեպքում Մարկոսի գլխով հարվածը փայլուն ցատկով հետ մղեց դարպասապահ Պաստը, իսկ ևս մեկ անգամ Օդեսայի թիմին փրկեց դարպասաձողը:
Սակայն այն, ինչ չհաջողվեց առաջին կեսում, Մարկոսն իրագործեց երկրորդ խաղակեսի սկզբում: Նա դաշտի կենտրոնում խաղարկեց գնդակը Ղազարյանի հետ և փոխանցում կատարեց Իվանկոյին: Վերջինս, ներխուժելով տուգանային հրապարակ, հետ փոխանցում կատարեց Մարկոսին, ով գրավեց մրցակցի դարպասը:
Այս գնդակը միակն էր հանդիպման ընթացքում, թեև «Մետալուրգը» կարող էր հաղթել խոշոր հաշվով: Մի քանի դրվագներում «Չեռնոմորեցին» փրկեց Պաստը, ինչպես Գևորգ Ղազարյանի ընթացքից կատարած հարվածի դեպքում: Ղազարյանը ևս մեկ պահ կորցրեց. իր համար տարածություն ստեղծելով և դուրս գալով հարվածային դիրք` նա մի փոքր բարձր հարվածեց:
Ամեն դեպքում «Մետալուրգին» հաջողվեց երեք միավոր վաստակել, իսկ ուկրաինական ԶԼՄ-ները նշեցին հայաստանցիների խաղը:
Չեռնոմորեց – Մետալուրգ. հանդիպման տեսություն