Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն կուսակցությունների աշխատանքային խմբում ՕԵԿ-ից ընդգրկվել են Մհեր Շահգելդյանը և Խաչիկ Հարությունյանը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Թեպետ ամառ է, և լավ շոգ է, բայց, կարծես թե, թեժությունը ավարտման փուլ չի գնում: Դեռևս թեժություն կա քաղաքական դաշտում, բայց պետք է ասեմ, որ առաջիկա ժամանակահատվածում լուրջ թեժ քաղաքական որևէ բան չեմ սպասում, բացի նրանից, որ տեղի կունենա երկխոսություն», – ասել է Բիշարյանը:
«ՕԵԿ-ը կողմ է երկխոսությանը և գիտի երկխոսության արժեքը», – նշել է նա:
Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ձևավորված աշխատանքային խմբում ՀՀԿ-ն ներկայացված է լինելու ի դեմս Դավիթ Հարությունյանի և Գագիկ Մինասյանի, իսկ ԲՀԿ-ն` Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Բոստանջյանի:
Տեղեկատվությունը ԲՀԿ-ի մասով «Ա1+»-ի հետ զրույցում ավելի վաղ հաստատել էր ԲՀԿ պատգամավոր, Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը.
«Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մենք ընդգրկվել ենք աշխատանքային խմբում»,- ասել էր Զոհրաբյանը:
Հուլիսի 9-ին news.am կայքի հետ զրույցում Արմեն Արզումանյանն ասել էր, որ ընդդիմության հետ երկխոսության համար կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից:
«Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, և առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում», – ասել էր նախագահի մամուլի խոսնակը:
Ի պատասխան Արզումանյանի հայտարարության` Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր. «Մենք դեռ չունենք որևէ պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձևավորված պատվիրակության մասին, ուստի առայժմ ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանությունից»: