Հուլիսի 17-ին և 24-ին Երևանի կրկեսը հանդես կգա վերջին երկու ներկայացումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սոս Պետրոսյանը նշել է, որ հուլիսի 24-ին տեղի կունենա պաշտոնական փակումը: Ներկայացումը բարեգործական է. դահլիճում կլինեն մանկատան և անապահով ընտանիքների երեխաներ և այլք:
Բարեգործական ներկայացումից հետո` օգոստոսի 1-ից, կսկսվեն կրկեսի հիմնանորոգման աշխատանքները. մոտ երկու տարի Երևանի կրկեսում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ՝ կրկեսն արդիականացնելու նպատակով: Այդ աշխատանքների շնորհիվ, ըստ Պետրոսյանի, իրենք հնարավորություն կունենան հյուրընկալելու աշխարհի լավագույն կրկեսները, կազմակերպելու զանգվածային ատրակցիոն ներկայացումներ և այլն:
Կրկեսի գեղարվեստական ղեկավարը նշել է, որ կրկեսը 2 տարի լռության չի մատնվելու. իրենք տարբերակներ են մշակում կրկեսի գործունեությունն անխափան պահելու ուղղությամբ: Հնարավոր տարբերակներից մեկը «շարժական կրկես» դառնալն է, մյուսը՝ վարձույթով տարածք վերցնելը: