Վրաստանում կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու հարցը քննարկելուց հետո Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը կոչ է արել իշխանություններին ի կատար ածել հոգևոր դասի մի շարք պահանջներ:
Սուրբ Սինոդի տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նիստի ընթացքում Սինոդի անդամներն իրենց դժգոհությունն են հայտնել առ այն, որ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին որոշումը կայացվել է առանց այդ նախաձեռնությունը նախապես Պատրիարքի և ժողովրդի հետ համաձայնեցնելու:
«Վրաց ուղղափառ եկեղեցին հայտարարում է, որ բոլոր կրոնական միավորումները հավասար են օրենքի առջև»,- ասված է Սինոդի հայտարարության մեջ: Եկեղեցին նաև նշում է, որ «կրոնին վերաբերող օրինագծերը պետք է քննարկվեն նախնական խորհրդատվության հիմքի վրա` ելնելով այն հանգամանքից, որ սա շատ սպեցիֆիկ թեմա է, և պետք է խուսափել հետագայում հնարավոր բարդացումներից»:
Սինոդը կոչ է անում իշխանություններին «Վրաց ուղղափառ եկեղեցու թեմի կարգավիճակի և սեփականության մասին միջպետական բանակցություններ սկսել»:
Միաժամանակ Սինոդը կոչ է անում հոգևոր դասին և հավատացյալներին «հանդարտություն պահպանել և զերծ մնալ ինքնակամ գործողություններից»:
Ավելի վաղ Վրաց Պատրիարք Իլիա Երկրորդը կոչ էր արել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին վետո դնել Քաղաքացիական օրենսգրքում մտցված փոփոխությունների վրա, սակայն նախագահը հրաժարվել էր իրականացնել այդ խնդրանքը:
Վերջին երկու օրերի ընթացքում Թբիլիսիի կենտրոնում ուղղափառ քրիստոնյաները բազմահազարանոց երթեր են կազմակերպում ի պաշտպանություն Իլիա Երկրորդի դիրքորոշման: Հաղորդվում էր նաև, որ վրաց եկեղեցու հետևորդները հարձակում են գործել տեղի հայերի վրա: Ավելի ուշ Վրաստանանի հայերի Միությունը հերքեց այս տեղեկատվությունը: