Բուլղարիայի Վառնա քաղաքի Գալաթա թաղամասում հարյուրավոր տեղի բնակիչներ են հավաքվել` հարգելու Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակը: Ինչպես հայտնում է «Երկրամաս» թերթի կայքը, Անդրանիկի 6 մետրանոց հուշարձանը կանգնեցվել է այսուհետ հերոսի անունը կրող հրապարակի կենտրոնում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են իշխանության, հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաև Բուլղարիայի հայերի միության ղեկավարն ու գեներալ Անդրանիկի թոռը` Վարդան Նռանյանը:
Գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացման արարողությունը 1912 թվականին սկսված Բալկանյան պատերազմի հարյուրերորդ տարելիցին նվիրված առաջին միջոցառումներից էր: Այս պատերազմի արդյունքում բուլղարական, հունական, սերբական զորքերը թուրքերից ազատագրեցին ողջ Բալկանյան թերակղզին: Անդրանիկ Օզանյանի կողմից ձևավորված հայերի կամավոր ջոկատը Բուլղարիայի կողմից կռվում էր Բալկանյան պատերազմի ժամանակ:
Նշենք, որ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կանգնեցնելու վերաբերյալ բուլղարական իշխանությունների նախաձեռնությունը դժգոհության ալիք էր բարձրացրել Թուրքիայում: Եվ չնայած թուրքական իշխանությունների անհամաձայնությանը, բուլղարական իշխանություններն, այդուհանդերձ, որոշեցին կանգնեցնել գեներալի հուշարձանը: