Ռուսաստանյան ավիաարտադրության նորույթի` Superjet-100 ինքնաթիռի առաջին օգտագործողներին տհաճ անակնկալ է սպասվում: Ինչպես հայտնում է РБК daily-ն, առաջին ինքնաթիռները ստիպված կլինեն լուրջ տեխնիկական զննում անցնել թվով 2000 թռիչք իրականացնելուց հետո, այսինքն` շահագործման հանձնվելուց մոտ 1 տարի անց:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 19 առաջին սերիական Superjet-100 ինքնաթիռը հանձնվեց «Արմավիա» ավիաընկերությանը:
РБК daily-ի տվյալների համաձայն` 7-ից 19 սերիական համարով «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռների» կողմից թողարկվող ինքնաթիռները (հենց այս ինքնաթիռներն են հանձնվել հայկական «Արմավիային» և ռուսաստանյան «Աերոֆլոտին») թռիչքային վավերականության հարցում մի շարք սահմանափակումներ կունենան`պայմանավորված ինքնաթիռի կառուցվածքի և վառելիքային համակարգով: Բացի բոլոր ինքնաթիռների համար անհրաժեշտ գործընթացներից, Superjet-100-ը պետք է նաև ինքնաթիռի կառուցվածքի պարտադիր վերամշակում անցնի և անպայմանորեն որոշ տարրեր փոխարինի:
Superjet-ի առաջին շահագործող «Արմավիան» գոհ է ինքնաթիռից: «Շահագործման հանձնվելուց հետո ինքնաթիռը 200 թռիչք է իրականացրել դեպի Մոսկվա, Թեհրան, Սանկտ Պետերբուրգ, Դուբայ, Աթենք և այլ քաղաքներ: Ինքնաթիռը դեռևս համակարգային խնդիրներ չի առաջացրել, բացի շարժիչի հետ կապված խնդրից, որը նախատեսված չէր նման ակտիվ շահագործման անցնելու համար»,-«Արմավիայի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովի խոսքերն է փոխանցում РБК daily-ն: