Երեք ամիսների ընթացքում Լիբիայում կարող է սննդի և ջրի խիստ պակաս զգացվել: Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Աբդել Մագիդ ալ-Գաուդը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնել է քաղաքական գործիչը, այս տարի հավաքվել է բերքի ընդամենը 20 տոկոսը: Սա կապված է քաղաքացիական պատերազմի հետևանքով վառելանյութի անբավարարության հետ:
Ըստ նախնական գնահատականների` այս տարի կհավաքվի 300 հազար տոննա հացահատիկ: Ալ Գաուդը հիշեցրել է, որ ավելի վաղ Լիբիան յուրաքանչյուր տարի մինչև 1 մլն տոննա հացահատիկ է ներկրել, սակայն Մուամար Քադաֆիին պատկանող ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները ներկրման գործընթացը սպառնալիքի տակ են դնում:
Տրիպոլիում նաև կարծում են,որ երեք ամիսների ընթացքում կարող է խափանվել ապստամբների տարածքում տեղակայված էլեկտրակայանի գործունեությունը, որը էլեկտրականություն է մատակարարում երկրի 70 տոկոսին ջրով ապահովող գործարանին, հայտնում է Associated Press-ը: