Օգոստոսի 13-21-ը Երևանում կանցկացվեն 5-րդ Հահայկական խաղերը: Միջոցառման բացումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, իսկ փակումը` Մարզահամերգային համալիրում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչ Աննա Վարդանյանը: Նշենք, որ Համահայկական առաջին խաղերն անցկացվել են
1999 թվականին:
Աննա Վարդանյանի խոսքով` այս պահի դրությամբ իրենց արդեն ներկայացվել է 2000 հայտ` Հայաստանի և Սփյուռքի 60 քաղաքներից: Հայտերի ընդունումը շարունակվում է:
‹‹Քանի որ այս տարի 5-րդ համահայկական խաղերն են, այն նաև հոբելյանական է: Եվ բացումը, և փակումը կլինեն տոնական, հնարավոր է, լինի նաև համերգային ծրագիր: Խաղերի ժամանակ մեկ օրը կլինի հանգստյան օր, որի ժամանակ, հաշվի առնելով մարզիկների նախասիրությունները, պատմամշակութային և ճանաչողական այցեր կանցկացնենք Հայաստանի տեսարժան վայրերում››,- ասել է Վարդանյանը:
Խաղերը կանցկացվեն Երևանի տարբեր մարզասրահներում, որտեղ այս պահին կատարվում են նախապատրաստական աշխատանքներ` խաղերը պատշաճ ձևով անցկացնելու համար:
Համահայկական 5-րդ խաղերին ներկայացված է 10 մարզաձև` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, լող, սեղանի թենիս, բադմինտոն և այլն:
Լուսանկարը` panarmeniangames.am-ից