Կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհելու մասին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունն ավելի վաղ պետք է արված լիներ, քանի որ հարցը վերաբերում է խղճի ազատությանը, և Վրաստանում իշխանությունը, որն իր երկիրը հպարտությամբ ներկայացնում է ժողովրդավարական`պետք է համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
«Վրաստանը բազմազգ երկիր է և պարտավոր է հարգել նաև իր քաղաքացիների դավանանքի ազատությունը: Այս մի հարցում Վրաստանի իշխանությունը կարողացավ քաղաքական կամք դրսևորել և դա ողջունելի է», – նշել է Թորոսյանը:
«Առավոտի» այն հարցին, թե արդյոք հայ-վրացական հարաբերությունները դեպի կարգավորում են գնում, թե հակառակը, պատգամավորը կարծիք է հայտնել, որ այդ հարաբերությունների պաշտոնական շերտում ամեն ինչ լավ է, բարձր մակարդակի վրա, և չկան խնդիրներ, որոնք բանակցային լուծում չունենան, բայց իրականում փաստացի հարաբերություններում շատ կնճիռներ կան, որոնք անգամ անզեն աչքով են տեսանելի.
«Ես կարծում եմ, որ հենց այդ մասը պետք է ջրի երես հանել, որպեսզի բարիդրացիությունը իրական ասպարեզ դուրս գա: Դա էլ հիմնականում պայմանավորված է ջավախահայության խնդիրների լուծմամբ. առանց դրա չեն կարող Հայաստանն ու Վրաստանը հարաբերություններ կարգավորել: Իսկ Ջավախքում առկա են խնդիրներ, որոնք շուտափույթ չլուծման դեպքում էլ ավելի կխորանան»: