«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրին` հարցի կապակցությամբ ներկայացնելով Արցախի քաղաքացիական ավիացիայի վարչության պատասխանատու աշխատողի հաղորդած տեղեկությունները: Աշխատակիցը խնդրել է չհրապարակել իր անունը:
Նրա խոսքով` նախապես հայտարարված բացման օրը` մայիսի 9-ին, օդանավակայանում չեն հասցրել վերջնականապես ավարտել հիմնական աշխատանքները, և այլևս աշխատանքների ավարտման, օդանավակայանի շահագործման կոնկրետ ժամկետ չի նշանակվել:
Բանն այն է, որ մինչ այդ նոր սարքավորման տեղադրման ու կարգաբերման (նալադկա) ժամանակ շտապողականությունը խանգարիչ դեր է կատարել, ուստի այս անգամ ձգտում են ոչ միայն վերացնել տեղ գտած թերացումները, այլև նոր սարքավորումներ են տեղադրվում, որոնք հնարավորություն կտան ավելի բազմապրոֆիլ թռիչքներ իրականացնել:
Օրաթերթի զրուցակիցը նշել է, որ սկզբում աշխատանքները տարվում էին միայն մարդատար օդանավեր ընդունելու համար, սակայն հետո որոշվել է թռիչքների համար նախատեսված վազքուղին ավելի երկարացնել ու լայնացնել, որպեսզի օդանավակայանը հնարավորություն ունենա նաև բեռնատար ինքնաթիռներ ընդունել:
Նա հայտնել է նաև, որ օդանավակայանում այսօր էլ աշխատանքները շարունակվում են, և երբ նախատեսված բոլոր խնդիրները լուծվեն, օդագնացության ժամանակակից չափանիշներին համահունչ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանից կանոնավոր չվերթներ կիրականացվեն, միաժամանակ օդանավակայանը կընդունի ցանկացած բեռնվածությամբ ինքնաթիռներ: