Home / Հայաստան / Քաղաքապետարանն արտոնել է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը

Քաղաքապետարանն արտոնել է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը

Հուլիսի 12-ի երեկոյան Երևանի քաղաքապետարանի լիազոր մարմինն ի գիտություն է  ընդունել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած օգոստոսի  2–ին Ազատության հրապարակում հանրահավաք և երթ անցկացնելու հայտը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը:

Հունիսի 30-ի հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ հաջորդ հանրահավաքը կկայանա օգոստոսի 1-ին, որը Կոնգրեսի հիմնադրման օրն է, սակայն Հայ Ազգային Կոնգրեսի հուլիսի 6-ին կայացած քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել հանրահավաքն անցկացնել օգոստոսի 2-ին: Որոշման համար պատճառ է հանդիսացել այն փաստը, որ օգոստոսի 1-ը մեռելոցի օր է` Վարդավառին հաջորդող երկուշաբթին է:

Նշենք, որ սա Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու Հայ Ազգային Կոնգրեսի թվով 4-րդ հայտն է, որը քաղաքապետարանն ընդունում է ի գիտություն: