Հայ Ազգային Կոնգրեսի նախորդ՝ հունիսի 30-ին կայացած հանրահավաքից առաջ մարզային որոշ երթուղայինների անգործության վերաբերյալ Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի բնակիչները թվով 20 դիմում են ներկայացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին և համանուն նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությանը՝ պահանջելով նախազգուշացնել և պատժամիջոցներ կիրառել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք գործարկում են մարզային երթուղային գծերը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխանություններն իրենց ոճը չեն փոխել. շարունակում են ապօրինաբար սահմանափակել մարդկանց իրավունքները, որպեսզի հնարավորինս քիչ թվով մարդ մասնակցի հանրահավաքներին:
Կարապետյանը նշել է, որ «ոչ մի բան չորոշող» Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նախորդ հանրահավաքից առաջ հայտարարել էր, որ ոչ մի խոչընդոտ չի լինելու, ճանապարհները բաց են լինելու, սակայն հերթական անգամ ապացուցվեց, որ «այդ մարդու խոսքերը զրո արժեք ունեն»:
Կոնգրեսի ներկայացուցիչը նշել է, որ երեք մարզերից դիմումներ ներկայացրած քաղաքացիները, հղում անելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետին (հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները հանդիսանում են երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք), խնդրում են նախազգուշացնել ուղևորափոխադրումն իրականացնող կազմակերպություններին, իսկ օրենքով նախատեսված ժամկետում խախտումը կրկնելու դեպքում` զրկել փոխադրումներ կատարելու իրավունքից:
Կարապետյանը նշել է, որ դիմումատուները սպասում են տրանսպորտի նախարարության արձագանքին: Նա նաև կոչ է արել բնակչությանը հետևողականություն դրսևորել այս հարցում:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի հունիսի 30-ին կայացած հանրահավաքից ժամեր առաջ մարզային մի քանի երթուղայիններ դադարեցրել են իրենց աշխատանքը կամ մասնակի են գործել: Մասնավորապես, չէին գործում Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզի երթուղայիները, իսկ Էջմիածնից Երևան ուղևորվող փոխադրամիջոցները օրվա մեջ մի քանի ժամ դադարեցրել էին իրենց աշխատանքը: