Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հինգշաբթի` հուլիսի 14-ին, օրենք է ընդունել, որի համաձայն պետական դպրոցների ծրագրերում պետք է ընդգրկվեն ԱՄՆ-ի պատմության մեջ սեռական փոքրամասնությունների դերին նվիրված դասընթացներ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Կալիֆորնիան առաջին նահանգն է, որտեղ նման նախաձեռնություն է իրականացվելու:
Համապատասխան դասընթացները դպրոցներում կդասավանդվեն 2013-2014 թվականներին:
Ավելի վաղ օրինագիծն ընդունվել էր տեղի օրենսդիր խորհրդի կողմից: Փաստաթղթին կողմ հանդես եկած Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ նման դասընթացները կօգնեն անչափահասների մեջ հանդուրժողականություն սերմանել իրենց հասակակից միասեռականների նկատմամբ, որոնք մինչ այժմ հաճախ քարկոծման էին ենթարկվում:
Կալիֆորնիայի իշխանությունների կողմից ընդունված օրենքում նաև ասվում է, որ դպրոցներում պետք է դասընթացներ անցկացվեն` նվիրված կանանց, աֆրոամերիկացիների, ինչպես նաև եվրոպական, ասիական և մեքսիկական ծագում ունեցող ամերիկացիների իրավունքներին: