Home / Հայաստան / Ուխտավորներից շարունակում են գումար գանձել. նախաձեռնությունն ահազանգում է

Ուխտավորներից շարունակում են գումար գանձել. նախաձեռնությունն ահազանգում է

Նախօրեին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Խոսրովի անտառ» արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել ավելի քան 300 հուշարձաններ` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։

Բարձր գնահատելով կառավարության քայլը` «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը, որը բազմիցս անդրադարձել է «Խոսրովի անտառի» տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին, հայտնում է, որ չփարատված է մնում նախաձեռնության կողմից 2 ամիս առաջ բարձրացված խնդիրը` արգելոցի տարածքում գտնվող սրբատեղիներ այցելող ուխտավորներից 3000-ական դրամ գանձելու վերաբերյալ:

«Խոսրովի անտառի տնօրենը հունիսի սկզբին փորձեց արդարացնել ուխտավորներից գումարի գանձումը «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությամբ»: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն առաջարկում է ամսական առնվազն մեկ անգամ Խոսրովի անտառում գտնվող սրբատեղիների ուխտավորների համար կազմակերպել այսպես կոչված «բաց դռների օր»», – ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Խնդրի լուծման հարցում հաղորդագրության հեղինակներն ապավինում են վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը: