Էջմիածնում որպես «մանվելականներ» հայտնի ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնապահները, օրերս քաղաքի կենտրոնում բախվել են «կարծր ընկույզի», գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, Էջմիածնի Լեռնամերձ գյուղի նախկին բնակիչ Հայկոն, որն արդեն երկար տարիներ բնակվում է Մոսկվայում և քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի մերձավոր շրջապատից է, իր ավտոմեքենան «մանվելականների» համար ոչ դուրեկան տեղում է կայանել, որից հետ գեներալ Մանվելի թիկնապահներից իր հասցեին ոչ պարկեշտ արտահայտություն է լսել: Հայկոն մոտեցել է նրանց պարզելու համար, թե արդյո՞ք իրեն նկատի ունեին: Բուռն խոսակցության արդյունքում «մանվելականները» հեռացել են` սպառնալով վերադառնալ:
«Սակայն ավելի ուշ գեներալին պարզ է դառնում, որ իր տղաները հայհոյել են մի մարդու, որը ոչ միայն շարքային քաղաքացի չէ, այլև ի վիճակի է հաշիվ պահանջել իրեն հանիրավի հայհոյելու համար:
Ցավալի է, որ անպատժելիության մթնոլորտը փոխում են ոչ թե մեր իրավապահները, այլ Մոսկվայից ժամանած քրեական հեղինակությունը», – եզրակացնում է օրաթերթը: