Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը գործակարգավորման հերթական նիստի ժամանակ հատուկ անդրադարձ է կատարել Երևանի ջրահեռացման համակարգին և հանձնարարական է տրվել փոխքաղաքապետ Կամո Արեյանին արագ լուծում տալ այդ խնդրին: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պատասխանատու Արթուր Գևորգյանը:
«Քանի որ Երևանի ջրահեռացման համակարգը բավական հին է և խցանված, ողջ համակարգի մաքրման աշխատանքների ավարտի ժամկետներ նշել մի փոքր իրատեսական չէ: Բայց քաղաքապետի հանձնարարականով «Երևան-Ջուր»-ի և Երևանի կոմունալ ծառայության հետ համատեղ աշխատանքներ են սկսվել այդ համակարգը բարելավելու ուղղությամբ: Արդեն սկսվել են մաքրման աշխատանքները»,- ասել է Գևորգյանը:
Վերջինիս խոսքերով` քաղաքապետը խիստ հանձնարարական է տվել սեղմ ժամկետներում ավարտել աշխատանքերը, որպեսզի բնական աղետների դեպքում հնարավորինս կարելի լինի խուսափել ճանապարհային խցանումներից և ապահովել քաղաքացիների հանգիստ տեղաշարժը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ հուլիսի 16-ին, Երևանում տեղած առատ անձրևի պատճառով քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական ջրափոսեր էին գոյացել, իսկ Մաշտոց պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող տրանսպորտային անցումը փակվել էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից, քանի որ այնտեղ անձրևաջրերի կուտակման հետևանքով անհնար էր դարձրել ավտոմոբիլային երթևեկությունը: