Պարսկերենը որպես օտար լեզու ուսուցանվում է Հայաստանի տասը դպրոցներում: Հուլիսի 8-ին այդ դպրոցների 25 աշակերտներ` հինգ ուսուցիչների ուղեկցությամբ, մեկնել էին Իրանի Հանրապետություն` շրջագայության:
Հայաստանցիները Իրանից վերադարձել են հուլիսի 16-ին:
Epress.am-ի հետ զրույցում թիվ 100 դպրոցի պարսկերենի ուսուցչուհի Մարիամ Պողոսյանը տեղեկացրել է, որ իրենք շրջագայության գնացել են ավտոբուսով: Նրանք եղել են Ռեշտ, Թեհրան, Սպահան և Թավրիզ քաղաքներում:
«Այս ամենը հովանավորում էր իրանական կողմը` Իրանի դեսպանատան մշակույթի բաժինը: Այցի նպատակն էր երեխաներին ցույց տալ այն, ինչ նրանք ուսումնասիրում են: Այսինքն` լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»,- նշել է Մարիամ Պողոսյանը:
Մենք զրուցեցինք նաև Իրան այցելած աշակերտների հետ, որոնք կիսվեցին ուղևորությունից ստացած տպավորություններով: Թիվ 100 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ Սերգեյ Բարինյանը և Մերի Բերբերյանը նշել են, որ իրենց հատկապես դուր է եկել Թեհրանը:
«Մենք գիշերով գնացինք մի աշտարակ, որը շատ գեղեցիկ էր: Բարձրացանք ամենավերևի հարկը, որտեղից ամբողջ քաղաքը երևում էր: Այնուհետև գնացել էինք Թավրիզ, այնտեղ մենք այցելեցինք Սուրբ Թադևոս առաքյալի եկեղեցին, որը նա կերտել էր իր ձեռքով և այնտեղ էլ վախճանվել էր: Եղանք նաև Մակույում` Չարենցի ծննդավայրում: Իսկ հետո եղանք Կասպից ծովում, ման եկանք ծովափին, մոտորանավակ վարեցինք կակաչների ճահիճում»,- պատմել է Սերգեյ Բարինյանը:
«Ճիշտն ասած, Հայաստանը կարոտել էինք, բայց այնտեղ էլ նորանոր բաներ տեսանք: Իրանում մենք գնացել էինք «Արարատ» համալիր, որտեղ բոլորը հայ երեխաներ էին, լուսանկարվեցինք նրանց հետ և նրանց հայկական ամսագրեր նվիրեցինք: Ես շատ նոր բաներ իմացա Իրանի մշակույթի և պատմության մասին»,- ասել է Մերի Բերբերյանը:
Երևանի 78 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի Միքայելյանի խոսքով` քանի որ իրենք դպրոցում ուսումնասիրում են պարսկերեն լեզու, այս ուղևորությունը իրենց համար պրակտիկա եղավ:
«Որովհետև, երբ շրջապատում բոլորը խոսում են պարսկերեն, քո լեզուն էլ է բացվում: Այս ուղևորությունը հետաքրքիր էր նաև այն առումով, որ մասնակցում էին և’ բարձր, և’ ցածր դասարանների աշակերտներ»,- ասել է Արփի Միքայելյանը:
Բոլոր աշակերտներն էլ նշել են, որ իրենց համար սա շատ հաճելի ուղևորություն էր, և իրենք կցանկանային ևս մեկ անգամ լինել այնտեղ:
Նշենք նաև, որ աշակերտները Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում հանդիպել են Իրանի Մեջլիսի ազգությամբ հայ պատգամավորների հետ և նրանց ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը: