Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Բարդուղիմեոսը անիծել է այն պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել տարբեր կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ շնորհող օրենսդրական փոփոխությանը:
«Անիծում եմ այդ օրենքին կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին: Անիծվի նրանց գլուխներն` ուսերի վրա, ուսերը` մարմնի վրա, կոնքերը` ծնկների վրա, ծնկները` սրունքների վրա, սրունքները` կոճերի վրա, կոճերը` ոտնաթաթերի վրա: Թող անիծվի այն հողը, որով նրանք կանցնեն, թող շուռ գա աշխարհն ու դժոխքը կուլ տա նրանց հոգիններն ու մարմինները: Ամեն»,- հոգևորականի անեծքն է փոխանցում «Квирис кроника»-ն:
Վրաց եկեղեցու առաջնորդ Իլիա Երկրորդը նույն առնչությամբ այսպես է արտահայտվել. «Նա, ով ստորացրել և ստորացնում է եկեղեցին, անպայման պատժվում է…եկեղեցու քանդողի արյունն ու ընտանիքն է մեռնում»:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվոյ Նատելաշվիլին պնդում է, որ «ամերիկյան որոշ շրջանների առջև նման օրենք ընդունելու վերաբերյալ պարտավորություններն իր վրա է վերցրել նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դեռ 1993-95 թվականներին»:
«Չէ որ դուք տեսաք, որ ամերիկյան դեսպանը պաշտոնական հայտարարությամբ իր գոհունակությունը հայտնեց և ողջունեց այն, ինչ տեղի է ունեցել կրոնի հետ: Չէ որ դա պաշտոնական հայտարարություն է: Եվ Բժեզինսկու խոսքերը նոյնպես հայտնի են. «Կոմունիստական ռեժիմի դեմ պայքարից հետո, մեր նպատակը ուղղափառությանը հաղթելն է…»: Հենց այդ էլ նրանք փորձում են իրականացնել իրենց ձեռքերով»,-հայտարարել է նա: