Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը, այսօր Մամեդյարովը կհանդիպի իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Կարծիքների փոխանակում տեղի կունենա երկկողմ և միջազգային հարցերի շուրջ: Այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը Բաքվի պաշտոնական պատասխանը կփոխանցի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահին ուղղված Մեդվեդևի նամակին:
Բացի այդ, Մամեդյարովն ու Լավրովը 2010թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված պետական սահմանի վերաբերյալ պայմանագրի վավերացման փաստաթղթեր կփոխանակեն, ինչպես նաև կստորագրեն Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև խորհրդատվության ծրագիրը: