Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վստահություն է հայտնել, որ իշխանություները վերջապես հանգելու են արտահերթ ընտրությունների գաղափարին:
Այդ առնչությամբ լրագրողները հետաքրքրվել են բանախոսից, թե որքանով է ՀԱԿ-ը վստահ, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանությունները կամ ԿԸՀ-ն դրանք չեն կեղծի:
«Իշխանությունը նույնը չի մնում: Գարեգին Ազարյանը մի մարդ է, որը ժամանակին ենթարկվում էր Ռոբերտ Քոչարյանին, հիմա ենթարկվում է Սերժ Սարգսյանին:
Եթե իշխանությունը որոշում է գնալ արտահերթ ընտրությունների, վարչական բոլոր օղակները` ԿԸՀ-ն, քաղաքապետերը, երբեք իրենք իրենց համար գլխացավ չեն սարքում: Եթե այդ հանձնաժողովներին վերևից հրահանգ չի իջեցվում, ինքն այդ բանը չի անի»,- ասել է Պասկևիչյանը` հավելելով, որ արտահերթ ընտրությունների պարագայում ներկա իշխանությունները կկորցնեն իրենց ուժը, իսկ հրահանգ չստանալու դեպքում ԿԸՀ-ն կեղծիքների չի գնա:
Հանդիպմանը ներկա «Ազգ» օրաթերի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հակադարձել է Պասկևիչյանին` նշելով, որ արտահերթ ընտրությունների համար ոչ իշխանությունները, ոչ էլ հասարակությունը պատրաստ չեն:
«Հասարակությունն այս պահին դժբախտաբար ոչ մի ընտրության մասին չի ուզում մտածել», – ասել է Ավետիքյանը: