Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի այս տարվա ապրիլ-հունիս եռամսյակային զեկույցի, կարելի է համարել միջին լարվածության, քանի որ առաջին եռամսյակի համեմատ նկատվել է լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների դեմ ճնշումների փաստերի քանակի նվազում: Միևնույն ժամանակ, արձանագրվել են ֆիզիկական բռնության դեպքեր, ինչը չկար հունվար-մարտ ամիսներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով այս տարվա երկրորդ եռամսյակային տվյալները:
«Ըստ 2011 թվականի առաջին և երկրորդ եռմասյակների ընթացքում տեղի ունեցած խախտումների համեմատական ուսումնասիրության՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի գրանցվել 1-ին եռամսյակում, իսկ 2-րդում՝ 2 դեպք: Ապրիլի 21-ին, «Հրապարակ» օրաթերթի հաղորդմամբ, խմբագրությունում «Զինվոր» ՀԿ-ների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հաշիվ է պահանջել «Ծեծկռտո՞ւք է եղել» լուրի առնչությամբ: Մասնավորապես, նա հարձակվել է խմբագիր Արմինե Օհանյանի վրա ու մարմնական վնասվածքներ հասցրել նրան», – զեկույցից հատված է ներկայացրել Մելիքյանը:
Զեկույցում նշված է նաև, որ երկրորդ մարմնական վնասվածքի դեպքը գրանցվել է «Հրազդան» ստադիոնում: Totalfootball.am կայքի փոխանցմամբ` Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի ուղեկցորդները ծեծել են ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ իրագործված ճնշումներին, 1-ին եռամսյակում գրանցվել էր 15 նման դեպք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 6 դեպք:
Մելիքյանը նշել է, որ այս եռամսյակային զեկույցի տվյալներով` տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 2 խախտում է գրանցվել, ինչը 2 անգամ ավելի շատ էր տարվա առաջին եռամսյակին:
«Տարածաշրջանի երկրների և ԱՊՀ տարածքի երկրների հետ համեմատության մեջ Հայաստանում խոսքի ազատության վիճակն ավելի լավ է, քան Ադրբեջանում, և մի քիչ ավելի վատ է, քան Վրաստանում: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների շրջանում, ապա ես պետք է ասեմ, որ էդտեղ շատ առաջ են Մերձբալթյան երկրները, որոնք որ ԱՊՀ-ի մեջ չեն: Նախկին սովետական երկրներից լավագույն պայմաններն այնտեղ են: ԱՊՀ երկրներից կիսաազատ վիճակում են Ուկրայինայի և Վրաստանի լրատվամիջոցները, իսկ մնացած երկրների լրատվամիջոցները ոչ ազատների շարքում են»,- ասել է Մելիքյանը: