Հրազդանի երկաթահանքի շահագործման հետևանքով ջրից կզրկվեն 4 քաղաքներ` Հրազդանը, Աբովյանը, Չարենցավանը և Ծաղկաձորը: Ecolur.org բնապահպանների կայքի տեղեկացմամբ, նման մտավախություն է հայտնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Հրազդան» տեղամասի պետ Ա. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ չինական «Fortune Oil» ընկերությունը ձեռք է բերել «Նագին» ընկերության բաժնետոմսերը, որը 2009թ. Ներկայացրել է Հրազդանի երկաթահանքի բաց եղանակով շահագործման նախագիծը:
Ecolur.org-ը նշում է, որ այդ առնչությամբ անկախ փորձագետներն արդեն կարծիք են հայտնել, որ Հրազդանի և Աբովյանի երկաթահանքերի բաց եղանակով շահագործումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը և Հրազդանը կզրկվեն խմելու ջրից: Դրա հետ մեկտեղ նշվում էին ջրի կորստի տարբեր ցուցանիշներ` 40-ից մինչև 60%: Բացատրությունների համար «ԷկոԼուր»-ը դիմել է Հրազդանում խմելու ջրի կառավարումն իրականացնող «Հայջրմուղկոյուղի»-ին:
«Հրազդան քաղաքի 100% խմելու ջուրն ապահովվում է «Մաքրավան-2» աղբյուրից: Միևնույն աղբյուրը 1500լ/վ արագությամբ ջրով ապահովում է ևս 3 քաղաքի` Աբովյանին, Չարենցավանին և Ծաղկաձորին: Այն նաև լցնում է «երկաթե» հանքի հենց ստորոտին տեղակայված ջրամբարը: Խորհրդային մասնագետների ուսումնասիրությունների համաձայն` «Մաքրավան-2» աղբյուրի ջրի 60%-ը գալիս է Սևանի ավազանից, և ևս 40%-ն առաջանում է ձնհալից, տեղումներից և այլն: Սևանի ավազանի ջրերն անցնում են, մասնավորապես, Հրազդանի երկաթահանքի տակով` մոտավորապես ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Ինքը` հանքավայրը, ավելի բարձր վայրում է տեղակայված: Բայց եթե երկաթի արդյունահանման համար պայթեցման աշխատանքներն ազդեն ստորգետնյա ջրերի վրա, ապա ջրերը կճեղքեն և ճանապարհ կգտնեն ուղիղ դեպի հանք, և «Մաքրավան-2-ը» կչորանա: Ես չգիտեմ, թե նրանք որքան են մտադիր իջնել ներքև հանքանյութի արդյունահանման համար: Իմ տվյալներով` դա լինելու է ջրի մակարդակից ավելի ներքև: Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա մենք կսկենք կորցնել ջուրը»,- ասել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա «Մաքրավան-2-ը» Երևանին ջուր չի մատակարարում: Մայրաքաղաքը ջուր ստանում է մեկ այլ աղբյուրից, որը, Սարգսյանի տվյալներով, ջուր է ստանում Սևանի ավազանից:
«Ամեն դեպքում, այստեղ լուրջ ուսումնասիրություններ են պետք»,- եզրակացրել է նա:
Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը «ԷկոԼուր»-ին հայտնել է, որ իրենք նամակ են ուղարկել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին` ներկայացնելով Հրազդանի հանքավայրի շահագործման նախագծի ռիսկերը:
«Ճիշտ է, նա մեզ չի պատասխանել, բայց որոշ աղբյուրներից լսել ենք, որ նա մտահոգվել է և նամակ է գրել նախագահին»,- ասել է Անահիտ Մնացականյանը: