Home / Հայաստան / Ղարաբաղ այցելած լրագրողին Բաքու կթողնեն միայն հակամարտության կարգավորումից հետո

Ղարաբաղ այցելած լրագրողին Բաքու կթողնեն միայն հակամարտության կարգավորումից հետո

Ադրբեջանի իշխանությունները կարող են թույլատրել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին մուտք գործել իրենց երկիր, բայց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից հետո: Այս մասին ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է երկրի ԱԳ փոխնախարար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով Ադրբեջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը:

«Էխո Մոսկվի»-ի լրագրող Սերգեյ Բունտմանը ադրբեջանական իշխանությունների սև ցուցակում էր հայտնվել Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից հետո:

Այս առնչությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը, հայտարարել էր.

«Ադրբեջանի օկուպացված տարածքներ Բունտմանի ապօրինի այցելության կապակցությամբ Ռուսաստանում մեր երկրի դեսպանատանը կարգադրություն է տրվել մեր բողոքը հայտնել, ինչպես նաև «Էխո Մոսկվի»-ի ղեկավարությանը հասցնել Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը: Ինքը` Բունտմանը, արդեն համալրել է այն անձանց ցուցակը, ում մուտքն Ադրբեջան չափազանց անցանկալի է»:

Հիշեցնենք, որ ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վինիդիկտովը, իր հերթին,  Բունտմանի նկատմամբ այս վերաբերմունքի համար մեղադրել էր ադրբեջանցի լրագրողներին. «Պետք է նշեմ, որ ղարաբաղյան այցելության համար մեր վրա հիմնականում հարձակում են գործում ոչ թե Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, կամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, կամ էլ Ադրբեջանի դեսպանատունը, այլ` լրագրող գործընկերները: Ընկերներ, խելքներդ թռցրե՞լ եք: Դա ձեր աշխատա՞նքն է: Ձեր գործը պետության տուզիկը լինելն է: Ձեր աշխատանքը չինովնիկների գործն անե՞լն է: Այդ դեպքում չե՞ք ուզում փոխել ձեր աշխատանքի բնույթը: Պետք չէ մեզ սովորեցնել»,- հայտարարել էր Վինիդիկտովը: