Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով այսօր ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, որով հերքվել է Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում տեղի ունեցած միջադեպը, ասել է, որ, ՊՆ-ն միայն մասամբ է հերքել այն:
Երեկ իր որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակ էր դիմել զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանի հայրը և հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու ձեռքին հեռախոս տեսնելով, վերցրել է այն և հրամայել որպես պատիժ փորի վրա կատարել վարժություն: Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է ծեծի, բռնությունների և անմարդկային վերաբերմունքի: Դեպքից հետո Ռաֆիկ Հովհաննիսյանին տեղափոխել են զորամասի բուժկետ, որից հետո Գորիսի հոսպիտալ, որտեղ տրամադրվել է բուժօգնություն և հետազոտություններ են իրականացվել:
«Իսկ ՊՆ-ն չի ասում, թե ինչպես են պահանջել, գործընթացն ինչպես է իրականացվել, ինչ է եղել պահանջելուց հետո, ինչու է զինծառայողը հայտնվել բուժկետում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Սաքունցը:
Նա նշել է, որ իրենք անպայման կխոսեն զինծառայողի հոր հետ, ինչպես նաև կփորձեն հանդիպում կազմակերպել Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ անձամբ: