Այսօր Երևանի կենտրոնում` Պուշկինի փողոցի բակերից մեկում կառուցված նոր խաղահրապարակը տեսնելու համար բակ էր այցելել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետի այցի ժամանակ բակում հավաքվել են Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 23, 25 Լալայանց 37 շենքերի բնակիչները, որոնք պաստառներով բողոքի ակցիա են անցկացրել:
Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ բողոքող բնակիչների բակում գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը բարձրահարկ շենքի կառուցապատում է իրականացրել, և դրա հետևանքով երեխաները զրկվել են բակում խաղալու հնարավորությունից: Կենտրոնի մեկ այլ բակում նոր խաղահրապարակի կառուցումն առիթ էր դարձել բնակիչների համար քաղաքապետին ներկայացնելու իրենց խնդիրը:
Բողոքող բնակիչների պաստառի վրա գրված էր. «Մեր երեխաներն էլ են ուզում խաղահրապարակ ունենալ»:
Epress.am-ի հետ զրույցում վերոնշյալ շենքերի բնակիչների խնդիրներով զբաղվող Վարդան Գերավետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետի այցից առաջ բավական մեծ աղմուկ է բարձրացել, և իրենց ակցիան փորձել են խոչընդոտել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և նրա աշխատակազմի անդամները:
«Բայց դա նրանց չհաջողվեց, մենք պահանջեցինք, որ մեզ թույլ տան այս ակցիան անցկացնել: Հետո մենք հանդիպեցինք Կարեն Կարապետյանի հետ, որին ներկայացրեցինք մեր խնդիրը: Ինքն ասաց` գնանք, նայենք: Մենք միասին ստեղից շարժվեցինք, գնացինք, նայեց: Շատ տարօրինակ էր, տպավորությունն այն էր, որ նա այդքան էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Նա խոստացավ, որ կզբաղվի հարցով և հանձնարարական տվեց թաղապետին, որ մեզ հետ վաղը հանդիպի ժամը 10.00-ին»,- ասել է Գերավետյանը:
Նա նաև քաղաքապետին հիշեցրել է, որ տվյալ վայրում շինարարություն իրականացնելու թույլտվությունը տվել է հենց ինքը` անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին:
Գերավետյանի խոսքով` քաղաքապետին դա զարմացրել է, և նա հանձնարարական է տվել Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարին պարզել, թե ինչ է այդտեղ կատարվում: