Հարավային Կովկասի աշխարհագրական կենտրոնը՝ ադրբեջանական Թեքալի գյուղը, այս անգամ իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքական գործիչներին ներկայացավ կանաչ գույներով, փոշոտ և մասամբ ասֆալտապատված:
Հուլիսի 18-ին Թեքալի ժամանած առաջին միկրոավտոբուսից իջան Նոյեմբերյանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և երևանցի լրագրողները: Թբիլիսիից, Մարնեուլիից և Բաքվից ժամանող տրանսպորտն ուշանում էր. մարդիկ ցանկություն էին հայտնել տեսնել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների ականապատված հատման կետը:
Վերջին անգամ նման կարգի միջոցառման համար մարդիկ Թեքալի էին ժամանել այս տարվա մարտին:
Գյուղի «Բորչալի» կոչվող հանդիսությունների սրահում հյուրերին դեռևս ցերեկվանից էին սպասում: Շենքի ներսում հնդկական ֆիլմերի հերոսների պաստառներն են, Սահակաշվիլիի նկարը, ադրբեջանական երգչուհիներ և սազով տարեց մի տղամարդու պաստառ:
Գառան մսի ուժեղ հոտ է գալիս. խորովածը պատրաստում են հյուրերին միջոցառումից հետո հյուրասիրելու համար:
Սրահի տիրոջն օգնում են մի քանի երիտասարդ, ովքեր ժամանել են հին «օպելով» և «ֆոլկսվագենով»: Ռուսերեն հասկանում են, բայց նախընտրում են չխոսել, իսկ ահա սեփականատերը հաճույքով զրուցում է հյուրերի հետ:
Նա պատմում է, որ Ստեփանավանի մոտ ԽՍՀՄ տարիներին հողատարածք ուներ: Նա նաև Բորչալի (այժմ վրացական Քվեմո-Քարթլի շրջանն է, որը բնակեցված է ադրբեջանցիներով) անվան իր վարկածն է առաջարկում՝ Բորչալի է կոչվել պատմական տարածքը, որը ձգվում էր Ստեփանավանից մինչև Ղազախ: 50-ամյա գյուղացու պատմա-աշխարհագրական մտորումները ընդհատեցին լոլիկներն ու բադրջանները, որոնց թշշոցը հիշեցրեց խորովածի հեղինակին, որ ժամանակն է դրանք կրակի վրա շրջելու:
Թեքալիում հերթական անգամ մեկնարկելու է հանրային դատական նիստը: Այս անգամ որոշեցին սեղաններն ու «դահլիճի» աթոռները տեղադրել դրսում՝ ծառերի տակ: Դատական նիստին միմյանց դեմ էին հանդես գալու հայաստանյան քաղաքական գործիչ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և ադրբեջանցի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զարդուշտ Ալիզադեն:
Հայրիկյանը հանդես էր գալիս գործող ժողովրդավարական ինստիտուտների դեմ, իսկ նրա ընդդիմախոսը՝ հակառակը:
Միջոցառման գլխավոր գործող անձինք ժամանեցին մեկ ու կես ժամ ուշացումով: Պարզվեց, որ Հայրիկյանն ու Ալիզադեն շատ ընդհանրություններ ունեն: Դեմքի մազածածկույթը. Հայրիկյանը՝ փոքր մորուքով, Ալիզադեն՝ բեղերով: Երկուսն էլ ժամանակին նույն անունով թերթ էին տպագրում. Հայրիկյանը՝ «Անկախություն», Ալիզադեի՝ «Իստիկլալ»: Բացի դա, երկուսն էլ ճաղատ են:
Դատական նիստին առաջինը խոսք վերցրեց Հայրիկյանը.
«Քչերն են համարում, որ ժողովրդավարությունը հանրային կյանքի կառավարման լավագույն միջոցն է, բայց ոչինչ ավելի լավ դեռևս չի առաջարկվել: Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է: Դա մարտահրավերներից, անհանգստություններից մեկն է, որը տարածվել է ամբողջ աշխարհում: Լայն շերտերի հիասթափության պատճառն այն է, որ ժողովրդավարական համակարգերը իրականում ժողովրդավարական չեն: Քաղաքացիները միմյանց հավասար են միայն ընտրությունների օրը: Դա գործող ժողովրդավարական համակարգերի հիմնական բացթողումն է: Ընտրությունների արդյունքների ամփոփումից և խորհրդարանի ձևավորման մեկնարկից անմիջապես հետո սկսում է դիսկրիմինացիան, որը տևում է ընդուպ մինչև հաջորդ ընտրություններ»:
Ապա հայաստանցի քաղաքական գործիչը բանաձևեր նկարելով բացատրում էր ընտրական համակարգերի խնդրահարույց բնույթն անգամ այն երկրներում, որոնք համարվում են ժողովրդավարության ամրոցներ:
Նա մի համակարգ էր առաջարկում, համաձայն որի ընտրողի ոչ մի ձայն, որը տրվել է այս կամ այն թեկնածուի օգտին չի կորելու: Պարտված, բայց ձայներ ստացած թեկնածուները որոշում են, թե ում են փոխանցելու իրենց ձայները: Նման հայտարարություն նրանք կարող են անել անգամ նախընտրական արշավի ժամանակ:
Այսպիսով, քվեաթերթիկը, փաստորեն, դառնում է մի վկայական, որը քաղաքացին ինչ-որ ժամանակով տրամադրում է որևէ քաղաքական միավորին կամ անձին, որպեսզի վերջինս որոշումներ կայացնի իր փոխարեն:
Եթե պատգամավորը չի արդարացնում իրեն, հաջորդ ընտրություններին կորցնում է հիասթափված ընտրողից այդ վկայականը ստանալու հնարավորությունը:
Պատասխանող Զարդուշտ Ալիզադե.
«Ժողովրդավարության ճգնաժամը գլոբալ բնույթ է կրում և ներառում է լայն հատված՝ բարոյականությունից մինչև տնտեսություն:
Սակայն ին՞չ դեղատոմս է առաջարկում պարոն Հայրիկյանը: Նրա առաջակության իմաստն է՝ ապահովել քաղաքացիների իրավահավասարությունը ոչ միայն ընտրությունների օրը, այլ նաև ընտրական մարմնի լիազորությունների գործողության ողջ ընթացքում»:
Ալիզադեի կարծիքով՝ ներկայումս գործող ժողովրդավարական համակարգերը բարելավելու համար պետք է բարելավել այն շինանյութը, որի օգնությամբ կառուցում են ժողովրդավարության շինությունը:
Եթե ընտրողն անգրագետ է, չունի ունեցվածք, աղքատ է և կախյալ, ունակ չէ տրամաբանել, կանխատեսել իր կողմից կայացած որոշումների հետևանքները, ապա ոչ մի իդեալական քվեարկության համակարգ չի կարող գեթ մեկ քայլով առաջ մղել ժողովրդավարությունը:
«Քվերակության կամ ընտրական համակարգերն ինքնին չեն կարող փոփոխել իմպերիալիստական երկների քաղաքական մշակույթը: Այդ երկների համար միջազգային իրավունքը լոկ սեփական բռնարարքները քողարկելու միջոց է: Այդ բռնարարքներն ուղղված են անդրազգային կորպորացիաների շահույթն ապահովելու համար: Ոչ մի ընտրական համակարգ, անգամ իդեալական համակարգ չի կարող փոփոխել ժողովրդավարական պետությունների պետական այրերի տրամաբանությունը, որոնք արդարացնում են ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ քաղաքացիների մահվան դեպքերը:
Ալիզադեն, մասնավորապես, ասել է, որ կարող է խոսել հայկական ընտրությունների և հայկական ընտրողների մասին՝ վկայակոչելով իր համար հեղինակավոր Վարդան Հարությունյանի կարծիքը:
«Բայց ես կխոսեմ սեփական փորձի մասին: Ես մասնակցել եմ Ադրբեջանում կայացած բոլոր նախընտրական արշավներին՝ սկսած 1989 թվականից: Իմ երկրում բոլոր, առանց բացառության բոլոր ընտրությունները մեկ ընդհանուր բան ունեն՝ նրանց արդյունքները կեղծվել են գործադիր իշխանության կամքով: Բոլոր ընտրությունները՝ նախագահական, խորհրդարանական, դատական՝ բոլորը կեղծվում են: Ինչպես կարելի է նման իրավիճակում ցանկանալ օգտագործել պարտվողների ձայները, եթե հաշվի չեն առնվում անգամ հաղթողներինը», – ասել է Ալիզադեն:
Նրա խոսքով՝ գոյություն ունեցող ընտրական համակարգերի անկատարելիությունը վերաբերում է ժողովրդավարության որպես կառավարման ձևի համակարգային բացթողումներին:
«Իդեալն անհասանելի է, որովհետև այն գոյություն չունի: Չկա մարդու մեջ, հանրության մեջ: Մնում է փաստել, որ իդեալականն Աստծո մեջ է, որի կատարելագործամնն ամբողջ կյանքում պետք է ձգտի մարդը: Բայց, ավաղ…», – նշել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:
Իր հոռետեսությունն Ալիզադեն անմիջապես փարատել է՝ հայտարարելով, որ քվեարկելու է Հայրիկյանի օգտին: Դա ազդեց քվեարկության ընթացքի վրա. Հայրիկյանի օգտին քվեարկեցին 26, իսկ Ալիզադեի օգտին 17 մարդ: Մնացածը ձեռնպահ մնացին:
Արդյո՞ք խաղաղությունն ավելացավ Հարավային Կովկասում հերթական խաղարարար նախաձեռնության իրականացումից հետո, որի կազմակերպիչներն են Կովկասյան խաղարարար նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանից, «Թեքալի» ասոցիացիան Վրաստանից և Հանուն քաղաքացիական հասարակության կանանց ալյանսը Ադրբեջանից: Այդ հարցին դժվար է պատասխանել:
Սակայն յուրաքանչյուր նման միջոցառման ժամանակ, որն անցկացվում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների մոտ գտնվող վրաստանյան փոքր գյուղում, ազատությունն ու թափանցիկությունն ավելի շատ են, քան թբիլիսյան մարիոթներում, երևանյան պլազաներում և բաքվի շեռատոններում:
Հարավային Կովկասում ծառացած խնդիրները դժվար է լուծել մեկ օրում, հավանաբար, դրանք իրենց լուծումը չեն ստանա այսօր կամ վաղը, սահմանները չեն բացվի, բայց նման դատական նիստերի ժամանակ ակնհայտ դրական մի բան կա՝ իրավապաշտպանը պաշտպանում է իրավունքը, իսկ լրագրողը չի սպասարկում իշխանություններին…