Մոսկվայի շրջանում ոստիկանները բերման են ենթարկել Վիետնամից աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած 25-ամյա երիտասարդին, ում կասկածում են ազգությամբ հայ աղջկա դաժան սպանության մեջ:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ վիետնամցին Ռուսաստան է ժամանել մոտ մեկ ամիս առաջ, սակայն չի կարողացել աշխատանք գտնել, ինչի արդյունքում մնացել է առանց բնակության վայրի և գոյատևման որևէ միջոցի:
Հուլիսի 18-ին` ժամը 14:00-ի սահմաններում, դեպի «Մեգա» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի տանող աստիճանների վրա դանակահարված աղջկա դիակ է հայտնաբերվել: Տուժածը կրծքավանդակի և վզի բազմաթիվ վնասվածքներ է ունեցել: Հետաքննությունը պարզել է սպանվածի ինքնությունը: Աղջիկը 19-ամյա ուսանողուհի Զոյա Աբրահամյանն է եղել: Մի քանի ժամ անց ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել:
Աղջկան մահվան է հասցրել այն, որ նա փորձել է դիմադրել հանցագործին, հայտնում է Life News-ը` հղում կատարելով Մոսկվայի շրջանի քննչական վարչության մամլո ծառայությանը: Արդյունքում` հանցագործը դանակն է գործի դրել` փորձելով ամեն գնով սեփականացնել ուսանողուհու փողերը:
Դանակի հարվածներից ստացած վնասվածքների պատճառով աղջիկը տեղում մահացել է, իսկ հանցագործը փախուստի է դիմել` վերցնելով նրա պայուսակը: