Երեկ Ստամբուլում թուրքական «Ֆեներբախչե» և ուկրաինական «Շախտյոր» ֆուտբոլային ակումբների միջև ընթացող ընկերական հանդիպումն ընդհատվել է 64-րդ րոպեին`0:0 հաշվի ժամանակ: Պատճառը երկրպագուների վարքն էր, որոնք խաղի ողջ ընթացքում փորձում էին տապալել հանդիպումը:
Հանդիպման մեկնարկից անմիջապես հետո «Շյուքրյու Սարաջօղլու» մարզադաշտում ԶԼՄ-ների համար նախատեսված օթյակը թուրքական ակումբի երկրպագուների կազմակերպված հարձակման է ենթարկվել:
Նման կերպով տեղի երկրպագուները փորձում էին իրենց դժգոհությունը արտահայտել ակումբի ղեկավարության նկատմամբ կիրառված պատժամիջոցների հանդեպ: Արդյունքում կոպեկներով «ռմբակոծմանն» են ենթարկվել նաև ուկրաինական ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Դրամները սպառելուց հետո երկրպագուները սկսել են թքել լրագրողների վրա և կողմ նետել ձեռքի տակ եղած իրերը:
Մարզադաշտի անվտանգության ծառայությունը որոշել է մարզադաշտից դուրս բերել թե’ թուրքական, թե’ ուկրաինական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս են բերել տրիբունայից գրեթե սեփական մարմնով ծածկելով նրանց:
Իսկ երկրորդ խաղակեսի ընթացքում խաղադաշտ են դուրս եկել «Ֆեներբախչեի» ֆաները: Մարզադաշտի աշխատակիցներին չէր հաջողվում վերահսկել դաշտ դուրս եկած անկառավարելի ամբոխը:
Դաշտն առաջինը լքել են «Շախտյորի» ֆուտբոլիստները: Վերջինը դուրս է եկել ԶԼՄ-ների ավտոբուսը, որտեղ գտնվում էր ուկրաինական «Յունիոն» հեռուստաալիքի լրագրողը` կոտրված ձեռքով:
«Ֆեներբախչեի» խաղացողների և մարզիչի հանդեպ երկրպագուներն ավելի քան բարեհամբույր էին: Նրանք հեռանում էին դաշտից հիացած ամբոխի ուղեկցությամբ: Նրանց գրկում էին, համբուրում, տանում ձեռքերի վրա:
Տեղի երկրպագուները ձեռքերում պահում էին «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմի նկարը: Նա նաև պատկերված էր ֆաների շապիկներին: Յիլդիրիմը ձերբակալվել էր անցյալ շաբաթ և տեղափոխվել բանտ: Նա մեղադրվում է կազմակերպված հանցավոր խմբավորման ստեղծման և պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ, ինչը կարող է 30 տարվա ազատազրկման պատճառ դառնալ: Նույն գործով ոստիկանությունը ձերբակալել է նաև «Տրաբզոնսպոր» ակումբի ղեկավար Սադրի Շեներին, ինչպես նաև «Բեշիքթաշի» փոխնախագահ Սերդար Ադալին: