«Առավոտ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը մերժել է Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի դիմումը: Նրան հրաժարվել են ժամանակավոր կացության կարգավիճակ շնորհել:
Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության `Հացպանյանին կարգավիճակ շնորհելու դեմ առարկում է ԱԱԾ-ն:
Հացպանյանն այդ որոշումը կարող է վիճարկել դատարանում:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ազատ արձակված Սարգիս Հացպանյանը մայիսին բանտից նամակ էր հղել Հայ Ազգային Կոնգրեսին` նշելով, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում իրեն ՀՀ քաղաքացիություն տրամադրելու հարցում, և կա վտանգ, որ նրան կարող են արտաքսել երկրից: Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի իր հանրահավաքի ելույթում արձանագրել էր, որ Սարգիս Հացպանյանի Հայաստանում առնվազն քաղաքացիական կեցության հարցը ՀԱԿ-ի համար կարևոր օրակարգային հարց է, և իրենք պետք է անեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի: ՀԱԿ-ը պահանջել էր իշխանություններից լուծել Սարգիս Հացպանյանի խնդիրը, ում հունիսի վերջին կանչել էին անձնագրերի և վիզաների վարչություն, որտեղ էլ նա մեկ տարվա ժամանակավոր կացություն ձեռք բերելու համար դիմում էր ներկայացրել: