Հուլիսի 21-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որը վարել էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, օրակարգային հարցերի թվում է եղել Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկության ներկայացումը:
Քաղաքաշինական խորհրդի 30 անդամներից ներկա են եղել 27-ը, որոնց մասնակցությամբ քննարկում է ծավալվել դեռևս 2010 թվականին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից մշակված և նիստում ներկայացված առաջարկի շուրջ:
Արդյունքում` 24 կողմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ քաղաքաշինական խորհուրդը որոշել է հավանություն տալ առաջարկին:
Միաժամանակ, որոշվել է նախագծի հաջորդ փուլում հաշվի առնել խորհրդի անդամների արված առաջարկությունները և դիտողությունները:
Օրակարգի հաջորդ հարցը Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի հյուրանոցի նախագծի քննարկումն էր, որը ներկայացվել է ճարտարապետ Ալբերտ Կարոյանի կողմից:
Նախագիծը քաղաքաշինական խորհրդի անդամները միաձայն մերժել են` առաջարկելով սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը` նկատի առնելով հարակից շենքերի բարձրությունները: