Այսօր Երևանի կենտրոնում գտնվող Անգլիական այգուց «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները ակցիա և երթ էին կազմակերպել:
Երիտասարդները` տարբեր գրություններով վերնաշապիկներ հագած, երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան և Կառավարություն, որտեղ տեղեկատվություն ստանալու նպատակով նամակներ հանձնեցին:
«Քանի որ մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը, մենք ցանկանում ենք նման միջոցով մեր ձայնը լսելի դարձնել, որպեսզի նրանք մեր կարծիքն էլ հաշվի առնեն, քանի որ մենք ենք մետրոյից օգտվողները՝ ուսանողներ, թոշակառուներ և միջին խավի ներկայացուցիչներ: Մենք վստահ ենք, որ մեր թե քաղաքապետը, թե վարչապետը մեզ կաջակցեն, քանի որ գիտակից մարդիկ են: Բայց ամեն դեպքում մեր ակցիաները շարունակական են լինելու»,- ներկայացրել են ակցիայի կազմակերպիչները:
Նշենք, որ մինչ երթի մեկնարկը երկու ոստիկան մոտեցել են երիտասարդներին, հարցրել նրանց գործողությունների և երթուղու մասին և ողջ երթի ընթացքում ուղեկցել նրանց:
Ակցիայի կազմակերպիչները մեզ փոխանցել են, որ նամակը տեղեկատվություն ստանալու բովանդակություն ունի.
«Մենք ցանկանում ենք, որ ներկայացվի որոշակի փաստաթղթեր թե մետրոյի համար վերցված վարկի մասին, թե գնի բարձրացման մասին, թե Մետրոպոլիտենի եկամուտների և ծախսերի հաշվետվությունը: Մի խոսքով, վերջին 5 տարվա՝ մետրոյի հետ կապված ֆինանսական և տնտեսական հաշվետվություն: Մենք ակնկալում ենք, որ հաշվետվությունները ստանալուց հետո հանրային քննարկումներ կկազմակերպվեն, որոնց արդյուքնում կգանք մի արդյունքի, որը կբխի բոլորի շահերից՝ թե հանրության, թե կառավարության:
Երիտասարդները տեղեկացրել են նաև, որ նախքան այս երթը իրենք էլեկտրոնային տարբերակով նամակներն ուղարկել են քաղաքապետարան, կառավարություն և ՀՀ նախագահին, սակայն որևէ արձագանք չեն ստացել:
«Մենք հունիսի 27-ին նամակներն ուղարկեցինք, բայց ոչ մի արդյունք, չենք հասկանում՝ էդ էլեկտրոնային կառավարությունն ինչի են ներմուծել, երբ էլեկտրոնային նամակներին չեն պատասխանում: Հուսով ենք` 5-օրյա ժամկետում մեր այս նամակներին արձագանք կստանանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնող անդամ Արման Գևորգյանը: