Home / Հայաստան / Հայաստանի շախմատիստները մոտ են հաղթանակին աշխարհի առաջնությունում

Հայաստանի շախմատիստները մոտ են հաղթանակին աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքականը շարունակում է փայլուն ելույթները չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում: 7-րդ տուրում մեր թիմը պարտության մատնեց Հունգարիայի ընտրանուն 2,5:1,5 հաշվով՝ տանելով 4-րդ անընդմեջ հաղթանակը և ընդհանուր հաղթանակների քանակը հասցնելով 5-ի: Հայաստանի հավաքականն առայժմ միակն է, որը ոչ մի պարտություն չի կրել մրցաշարի ընթացքում:

Հունգարիայի ընտրանու հետ խաղում մեր թիմի երեք շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիներ խաղացին, համապատասխանաբար, Պետեր Լեկոյի, Յուդիթ Պոլգարի և Շաբա Բալոշի հետ:

Հայաստանցիների հաղթանակն ապահովեց երկրորդ տախտակին հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, ով Զոլտան Ալմաշիի հետ պայքարում պարտիայի վերջնախաղում ֆիգուրի առավելություն ստացավ և ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Ուշագրավ է, որ տուրի բոլոր հակամարտություններն ավարտվեցին միևնույն 2,5:1,5 հաշվով:

Ուկրաինան պարտության մատնեց Իսրայելին, Չինաստանը հաղթեց Ռուսաստանին, Հնդկաստանը՝ Եգիպտոսին, իսկ ԱՄՆ-ն՝ Ադրբեջանին:

Այսօրվա հաղթանակը հնարավորություն տվեց հայաստանցիներին էլ ավելի ամրապնդել առաջատարի դիրքերը: Այժմ Հայաստանն ունի 12 միավոր, 2-3-րդ հորիզոնականները բաժանում են Չինաստանն ու Ուկրաինան՝ 9-ական միավոր:

Երեք թիմ վաստակել են 8 միավոր՝ ԱՄՆ, Ռուսաստան, Հունգարիա: 6 միավորով 7-րդ տեղում է հանգրվանել Ադրբեջանի հավաքականը, 5-ական միավոր ունեն Հնդկաստանն ու Իսրայելը: Եգիտպոսն առայժմ միավոր չի վաստակել:

Վաղը մեր ընտրանին հանդիպելու է Ադրբեջանի հավաքականի հետ: Հաղթանակը հնարավորություն կտա մեր թիմին մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ տոնել չեմպիոնությունը: