Այսօր ժամը 19:00-ին Երևանի Օպերայի և բալետի շենքի հարակից կանգառում (դեպի Բաղրամյան պողոտա գնացող) տեղի է ունենալու ակցիա, որը նախաձեռնել են «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Կազմակերպիչները պատրաստվում են պաստառներով լուռ կանգնել կանգառում և հետաքրքրվողներին տեղեկատվական թերթիկներ բաժանել երթուղայիններում կանգնած երթևեևկելու վտանգների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին նախաձեռնության անդամները Երևան քաղաքի կենտրոնում ստորագրահավաք էին կազմակերպել, որից հետո հավաքված 15 ստորագրություններով նամակ էր ուղարկվել «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենին, որպեսզի իրենց ներկայացվեն բոլոր երթուղայինների չվացուցակները:
Իսկ մայիսի 15-ին նախաձեռնող Արման Ղարիբյանը գրավոր հարցում էր մուտքագրել Տրանսպորտի և կապի նախարարություն, որով խնդրել էր տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող տրանսպորտի (բացառությամբ մետրոյի) փոփոխությունների/բարեփոխումների վերաբերյալ:
Ի պատասխան իրենց հայտնել էին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները (նախագծերը) տեղակայված են www.mtc.am ինտերնետային կայքէջում:
Նախաձեռնության անդամները նշել էին, որ նախարարի տեղակալը, ըստ էության, չի պատասխանել իրենց հարցմանը, քանի որ իրենք չէին խնդրել տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, այլ ցանկանում էին տեղեկանալ այդ տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխություններին և բարեփոխումներին:
«Փաստորեն, խախտվել է քաղաքացու տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, որը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: