2008 թվականին Հայաստանից արտագաղթել է 22-23 հազար մարդ, 2009-ին` 25 հազար, իսկ 2010-ին` 29 հազար մարդ: Ներկայացնելով պաշտոնական թվերը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտագաղթի խնդիրների մասին է խոսել ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Եգանյանը պաշտոնական վիճակագրության հետ մեկտեղ ներկայացրել է նաև միջազգային կազմակերպությունների տվյալները 2002-2007թթ. ժամանակահատվածի համար, համաձայն որոնց այդ տարիներին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 205 հազար բնակիչ:
Ժողովրդագրի խոսքով` Հայաստանից արտագաղթողները հիմնականում գնում են դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում վիզաների հետ կապված խնդիրներ են ծագում:
Բանախոսը մարդկանց արտահոսքի պատճառներից առաջնայինն է համարում աշխատատեղերի պակասը, իսկ աշխատանքի ունենալու պարագայում ցածր աշխատավարձը, որն արժանավայել գոյատևման հնարավորություն չի տալիս:
Եգանյանը շատ վտանագվոր է համարել նաև այն, որ արտագաղթողների շրջանում մեծ թիվ են կազմում 20-50 տարեկան աշխատանքային վերարտադրական տարիքի տղամարդիկ:
«Դրա հետևանքով փոխվում է մեր բնակչության սեռատարիքային կազմը: Նվազում է աշխատունակ բնակչության տեսակարար կշիռը, վերարտադրական բնակչության տեսակարար կշիռը, խաթարվում է որոշակի տարիքի բանկչության խմբերի ըստ սեռի բաշխման կառուցվածքը, տղամարդ-կին բաշխման կառուցվածքը, որը խիստ կարևոր է վերարտադրական առումով»,- ասել է Եգանյանը:
Նրա խոսքով` այս ամենն ազդում է նաև ծնելիության մակարդակի նվազման վրա: