Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակությունը երկուշաբթի օրը Ազգային ժողովում խորհրդակցություն է անցկացրել: Իշխանական կոալիցիայի պատվիրակները առայժմ խուսափում են մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պատվիրակության ղեկավար, ԱԺ-ի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց հանդիպումը փակ է: Հանրապետական կուսակցությունը ներկայացնող մյուս պատվիրակը` Գագիկ Մինասյանը, ևս հրաժարվեց որևէ տեղեկատվություն տալ` ասելով, որ բոլոր հարցերին կպատասխանեն վաղը:
Վաղը` հուլիսի 26-ին, կառավարության ընդունելությունների տանը կայանալու է ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկրորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձելու են ձեւավորել երկխոսության օրակարգը:
Անդրադառնալով իշխանական պատվիրակության հետ վաղը կայանալիք հանդիպմանը` ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այն կարելի է համարել «լիարժեք բանակցությունների առաջին հանդիպում»:
«Որովհետև նախորդ հանդիպման ժամանակ իշխանության պատվիրակության լիազորությունները ճշտված չէին, հասկանալի չէր, թե ինչ հարցեր են իրենք ի վիճակի քննարկել, բայց այդ բոլոր հարցերի պատասխանը ստացվեց, եւ մենք արդեն անցնում ենք լիարժեք բանակցություններին», – ասաց Զուրաբյանը:
Հարցին, թե հույս ունե՞ն, որ երեքշաբթի օրը կձևավորվի երկխոսության օրակարգը, ինչը չհաջողվեց անել նախորդ հանդիպման ընթացքում, Զուրաբյանը պատասխանեց. – «Նախորդ հանդիպման ընթացքում նման խնդիր չէր էր դրվել: Նախորդ հանդիպման ընթացքում դրվել էր միայն ձևաչափի ճշտման հարց, իսկ հիմա նոր սկսում են լիարժեք բանակցությունները, եւ, բնականաբար, մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք այդ բանակցությունները կառուցելու, ներառյալ օրակարգի ձևավորման հարցը»: