Երեկ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում կայացած Նալչիկի «Սպարտակի» և «Կրասնոդարի» միջև հանդիպման ընթացքում արդյունավետ խաղով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
«Կրասնոդարի» հարձակվողը ողջ հանդիպման ժամանակ աչքի էր ընկնում ակտիվությամբ, իսկ երկրորդ խաղակեսում Մովսիսյանը դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ:
Նախ նա ձախ եզրից կատարած փոխանցումով հարվածի դուրս բերեց Շիպիցինին, իսկ հետո աչքի ընկավ գլխի հարվածով` օգտագործելով Ժոաոզինյոյի փոխանցումը: Գոլից հետո Մովսիսյանը փոխարինվեց, ինչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Կրասնոդարի» մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը բացատրեց հարձակվողի հոգնածությամբ և այն փաստով, որ Մովսիսյանը վերջերս է ապաքինվել վնասվածքից:
Նշենք, որ «Կրասնոդարին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 87-րդ րոպեին Կուլիկովը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի 4-րդ ավելացված րոպեին Կոնցեդալովի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Գոշոկովից և հայտնվեց «Կրասնոդարի» դարպասի ցանցում: Հյուրերը փորձում էին ապացուցել մրցավար Կարասևին, որ գնդակն անդրադարձել է Գոշոկովի ձեռքից, սակայն Կարասևը հաշվեց խփած գնդակը, ինչի հետևանքով «Կրասնոդարը» 2 միավոր կորցրեց:
Ոչ-ոքիից հետո «Կրասնոդարը» 22 միավորով 9-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: