Չինաստանի Նինբո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Ավելի վաղ մենք արդեն հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը վերջին` 9-րդ տուրում արագ ոչ-ոքի (2:2) խաղալով Ուկրաինայի ընտրանու հետ նվաճել էր չեմպիոնի կոչումը: Ոչ-ոքին ուկրաինացիներին հնարավորություն տվեց զբաղեցնել միայն երրորդ հորիզոնականը, քանի որ Չինաստանի ընտրանին հաղթեց հունգարացիներին և շրջանցեց հայաստանցիների այսօրվա մրցակցին:
Վերջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Հայաստան-Ուկրաինա 2:2
Չինաստան-Հունգարիա 2,5:1,5
Հդկաստան-Ռուսաստան 2,5:1,5
Ադրբեջան-Եգիպտոս 2,5:1,5
ԱՄՆ-Իսրայել 2,5:1,5
Մրցաշարային աղյուսակ.
1. Հայաստան – 14 միավոր
2. Չինաստան – 13
3. Ուկրաինա – 12
4. Ռուսաստան – 10
5. Հունգարիա – 10
6. ԱՄՆ – 10
7. Ադրբեջան – 9
8. Հնդկաստան – 7
9. Իսրայել – 7
10. Եգիպտոս – 0
Ռուսաստանն առաջ է անցել Հունգարիայից և ԱՄՆ-ից լրացուցիչ ցուցանիշներով:
Նշենք, որ մրցաշարում ամենից շատ միավորներն է վաստակել Չինաստանի հավաքականի երկրորդ տախտակին հանդես եկող Վան Յուէն` 7 միավոր 9 պարտիայում:
Նրանից մեկ միավոր ավելի քիչ են վաստակել 5 շախմատիստներ` ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն, ռուսաստանցի Յան Նեպոմնիաշչին, չինաստանցի Վան Հաոն և հայաստանցիներ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Հարկ է նշել, որ Ալեքսանդր Մոիսեենկոն իր 6 միավորը վաստակել է 8 խաղում, իսկ մյուս 4 գրոսմայստերները` 9:
Հայաստանի առաջին համարը` Լևոն Արոնյանը, 8 հնարավորից հավաքել է 5 միավոր, իսկ չորրորդ տախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 9 պարտիայում` 4,5 միավոր:
Հայաստանի հավաքականի պահեստային խաղացողը` Ռոբերտ Հովհաննիսյանը 1 պարտիա է անցկացրել Եգիպտոսի դեմ խաղում և այն հաղթանակով է ավարտել: