Մի շարք փորձագետներ ղարաբաղյան հարցում Մոսկվայի ակտիվությունը կապում են ՌԴ առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի` նախագահական ընտրությունների նախաշեմին իր օգտին միավորներ վաստակելու ցանկության հետ: Այս մասին Day.Az-ի հետ զրույցում հայտարարել է գլոբալիզացիայի և հասարակական շարժումների ինստիտուտի միջազգային քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավար Միխայիլ Նեիժմակովը:
Միաժամանակ նա նշել է, որ «ռուսաստանյան նախագահական ընտրություններին կրեմլյան հավակնորդի թեկնածությունը որոշվելու է որոշակի անձանց նեղ շրջանակների կողմից», և դժվար թե Հարավային Կովկասում նրա դիվանագիտական հաջողությունները նրանց համար առաջնային կարևորություն ունենան:
«Եթե Ռուսաստանի նախագահի դիվանագիտական քայլերը կարողանային որևէ կերպ ազդել նրա քաղաքական ապագայի վրա, ապա դրանք ավելի շատ կառնչվեին Եվրամիությանը և ԱՄՆ-ին, որոնց ուղղությամբ էլ հենց պետք է աշխատեր «լիբերալ Մեդվեդևը»,- հայտարարել է քաղաքագետը:
«Այդ իսկ պատճառով ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ակտիվությունը բացատրվում է ոչ թե վերոնշյալ մարտավարական, այլ ռազմավարական դրդապատճառներով: Ռուսաստանին, առավել քան Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներին, շահեկան չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկումը: Մոսկվան ցանկացած պարագայում անմիջականորեն չի միջամտի նման հակամարտությանը, ինչն անմիջապես Հայաստանում վրդովմունքի պատճառ կդառնա, այդ թվում` դավաճանության մեջ մեղադրանքների»,-պարզաբանել է Միխայիլ Նեիժմակովը: