Հայ Ազգային Կոնգրեսը մի քանի հեռուստաընկերությունների է ուղարկել օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող տեսահոլովակը` այն եթերում համապատասխան վճարի դիմաց ցուցադրելու նպատակով, սակայն հեռուստաալիքներից ոչ մեկն առայժմ չի արձագանքել Կոնգրեսի առաջարկին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Տեսահոլովակներն ուղարկվել են «Կենտրոն», «Շանթ», «Արմենիա», «Երկիր Մեդիա»հեռուստաալիքներին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությանը:
Հիշեցնենք, որ տեսահոլովակները հեռուստաեթերում ցուցադրելը ՀԱԿ-ի` իշխանությանը նախորդ շաբաթ ներկայացրած պահանջներից մեկն էր: Երեկ Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենք առայժմ այդ հարցի կապակցությամբ իշխանություններից պատասխան չեն ստացել: