Իսպանիայի ոստիկանությունը կասեցրել է թմրանյութերի իրացմամբ զբաղվող Լատինական Ամերիկայի ամենախոշոր հանցավոր խմբավորման կողմից իրականացվող փողերի լվացման գործողությունները և ձերբակալել է կոլումբիացի հայտնի նարկոբարոն Դոն Լուչոյի կնոջը, հայտնում է Reuters գործակալությունը:
Կոլումբիացի կարտելի կողմից իրականացվող փողերի լվացման կանխարգելմանն ուղղված գործողությունների շրջանակներում ոստիկանությունը 9 կասկածյալի է բերման ենթարկել և սառեցրել նրանց բանկային հաշիվները, հայտնել է ոստիկանության մամլո խոսնակը:
Մեղադրյալների թվում են 4 իսպանացիներ, 4 կոլումբիացիներ և 1 հայ: Նրանց անունները չեն հիշատակվում, հաղորդվում է միայն, որ նրանք Դոն Լուչոյի հանցավոր խմբավորման բարձրաստիճան անդամներ են:
Լուիս Ագուստին Կաիչեդո Վելանդիան`Դոն Լուչոն, որը կալանքի տակ է գտնվում Միացյալ Նահանգներում, համարվում է Կոլումբիայի թմրանյութերի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող ամենախոշոր ցանցի ղեկավարը:
2005-ից 2009 թվականների ընթացքում նա ավելի քան 1,5 միլիարդ դոլարի գումարներ է լվացել:
Դոն Լուչոն ձերբակալվել է Արգենտինայում 2010 թվականի ապրիլին և հանձնվել Միացյալ Նահանգներին, որտեղ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Կոլումբիայից դեպի Նահանգներ հարյուրավոր տոննաների կոկային փոխադրելու առնչությամբ: