Ոստիկանությունը կարող է հատուկ միջոցներ կիրառել, սակայն դրանք կիրառելիս պետք է շարժվի որոշակի կարգով:
Այս մասին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը` արձագանքելով Epress.am-ի խնդրանքին իրավական գնահատական տալ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Վահագն Հարությունյանի այսօր հնչեցրած այն մտքին, որ 2008 թվականի մարտի 1-ին հատուկ միջոցներ կիրառելը եղել է օրինաչափ:
«Հրաման եղել է կրակելու, կրակողը պետք է ծանոթ լիներ կարգին: Երբ որ արդեն բացահայտվեց, որ նրանք չեն հետևել կիրառման կարգին, երբ որ բացահայտվեց, որ «Չերյոմուխա 7-ի» կիրառումն էլ եղել է անօրինական, նոր այն ժամանակ իրենք ասեցին` «Վայ, 2006 թվականին ԱԺ-ի որոշմամբ նորմատիվային այդ փաստաթուղթը (Չերյոմուխայի օգտագործման մասին) հանված է կիրառումից»: Վահագն Հարությունյանը պարզվում է դա էլ չգիտի, oրինաչափ է գնահատում մի բան, որի արդյունքում մարդիկ են մահացել»,- հավելել է Անդրանիկ Քոչարյանը: