Իր այսօրվա համարում «Առավոտ» օրաթերթն անդրադարձ է կատարում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնեսին` հիշեցնենլով, որ տարիներ շարունակ նրան պատկանող «Ֆլիտֆուդ», «Սալեքս», «Ալեքս գրիգ» ընկերություններն արտադրել են ուկրաինական օղիներին շփոթության աստիճան նմանեցված ապրանքներ, ինչպես օրինակ, «Մեդոֆֆ»-ի փոխարեն «Մեդոֆե», «Պրեմիումի» փոխարեն նմանատիպ շշով «Պրայմին», «Ուկրաինկայի» փոխարեն` «Ուկրաինա»:
«Ասում են`ինչ ցանես`այն էլ կհնձես: Հիմա պարոն Ալեքսանյանը շանս ունի իր սեփական մաշկի վրա զգալու, թե անբարեխիղճ մրցակցությունն ինչ է ու ինչու էին այդքան զայրացել իր վրա ուկրաինական արտադրողները: Երեկ «Առավոտը« հայտնաբերել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ինչ-որ մեկի մտքով անցել է «կեղծել» Ալեքսանյանի հայտնի սուպերմարկետների ցանցի`«Երևան City» նույնքան հայտնի ապրանքանիշը. Օգոստոսի 23-ի փողոցում կա նույնատիպ «Երևան CET» սուպերմարկետ», – նշում է «Առավոտը»:
«Երևան CET» սուպերմարկետի տարբերանշանի դիզայնը և գույները նմանեցված են «Երևան City»-ի տարբերանշանին: