Oգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները տարածող Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների վրա հարձակման փաստի մասին տեղյակ է պահվել ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական կոալիցիայի պատվիրակության ղեկավարը (Դավիթ Հարությունյան – Epress.am): Այս մասին ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Երեկ ուշ երեկոյան` Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի իրազեկման ընթացքում, ՀԱԿ-ի վեց ակտիվիստների վրա էին հարձակվել 6-7 անհայտ անձինք, որոնց մի մասը եղել է քաղաքացիական հագուստով, մյուս մասը` ոստիկանական համազգեստով: Նրանք առանց ներկայանալու և որևէ պահանջ ներկայացնելու սկսել են հարվածել երիտասարդներին: Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել էր Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը, ով եղել է հարձակման ենթարկվածների թվում:
Հայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է, որ երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, ոստիկանության ևւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր փաստերին։
«Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր կառույցներին, ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին՝ նմանօրինակ փաստերի մասին անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ (հեռ. 52.09.74)՝ հնարավորինս որոշակիացված տվյալներով», – ասված է Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ: