Երեկ ուշ երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման ընթացքում ՀԱԿ-ի վեց ակտիվիստների վրա են հարձակվել 6-7 անհայտ անձինք, որոնց մի մասը եղել է քաղաքացիական հագուստով, մյուս մասը` ոստիկանական համազգեստով: Նրանք առանց ներկայանալու և որևէ պահանջ ներկայացնելու սկսել են հարվածել երիտասարդներին: Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել է Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը, ով եղել է հարձակման ենթարկվածների թվում:
«Կինո «Նաիրիի» դիմաց թռուցիկներ փակցնելու ընթացքում մեզ մոտեցան և սկսեցին հայհոյել ու հարվածել: Մեզնից մի քանիսի վրա կան բռնության հետքեր:
Պատրաստվում ենք դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի համազգեստավոր հանցագործները պատժի ենթարկվեն: Այժմ պատրաստում ենք հաղորդագրություն հանցագործության մասին, որպեսզի ուղարկենք ՀՀ դատախազություն», – ասել է Գևորգյանը:
Նշենք, որ Կոնգրեսի երիտասարդները օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի իրազեկումը Երևանում սկսել են հուլիսի 26-ից: Երեկ իրազեկմանը մասնակցել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչները այցելել են Երևանի տարբեր համայնքների բակեր, որտեղ Փաշինյանը զրուցել է քաղաքացիների հետ, իսկ երիտասարդները բարձրախոսով իրազեկել են հանրահավաքի մասին: