Home / Հայաստան / Շաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40-ի

Շաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40-ի

Վերջին երկու-երեք օրերին օդի ջերմաստիճանը, մասնավորապես, Երևանում հասել է 39-39,5 աստիճանի զրոյից բարձր:

Սպասվում է, որ շաբաթ կիրակի և երկուշաբթի օրերին օդի ջերմաստիճանը Երևանում և հանրապետության մի շարք այլ բնակավայրերում կհասնի 40 աստիճանի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նա նշել է, որ ջերամաստիճանն էականորեն կնվազի օգոստոսի 4-ին՝ հասնելով 38 աստիճանի:

Պետրոսյանը հայտարարել է, որ այս պահին Հայաստանում «արձանագրված է հրդեհավտանգության 5-րդ աստիճան, որն ամենաբարձրն է և ցանկացած կայծից հնարավոր է հրդեհներ բռնկվեն»:

Բանախոսը նաև նշել է, որ կապված բարձր ջերմաստիճանի հետ երեկ «Հայպետհիդրոմետ» «Ուշադրություն» խորագրով հաղորդագրություններ է ուղարկել համապատասխան մարմիններին (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն), որոնք պետք է քայլեր ձեռնարկեն` բնակիչներին զգուշացնելով, թե ինչպես պաշտպանվել:

«Իրոք, վերջին տասը տարիներին ամռանը Հայաստանում գրանցվում են համեմատաբար ավելի բարձր ջերմաստիճաններ, քան մինչև այդ գրանցվել են: 1935, 1945, 1956, 1977, 1979 թվերն էլ են համարվել բավական տաք տարիներ: Բայց վերջին տարիներին այդ շոգերը ավելի տևական են դարձել և թերևս ինչ-որ չափով նույնիսկ գերազանցել են մինչև այդ գրանցված ջերմաստիճանները»,- ասել է Զարուհի Պետրոսյանը: