Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամները նախօրեին ստիպված են եղել տաքսիներով տուն գնալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ազատության հրապարակում նրանց պատվին կազմակերպված տոնական համերգի ավարտից հետո աշխարհի չեմպիոններին Ազատության հրապարակում գտնվող «Ջազվե» սրճարանում հյուրընկալել են Սերժ ու Տիգրան Սարգսյանները, որոնք զբաղեցնում են նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի ու նախագահի տեղակալի պաշտոնները:
«Շուրջ մեկ ժամ անց Սերժ ու Տիգրան Սարգսյանները իրենց մեծ ավտոշարասյուններով հեռացան, իսկ շախմատիստները, դափնեպսակները ձեռքերին` մնացին Ազատության հրապարակի մուտքի մոտ: Շախմատի աշխարհի չեմպիոնները հեռացան տաքսիներով: Նույն բանն էր արձանագրվել 2008-ին, նոյեմբերի 27-ին մարզահամերգային համալիրում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատի մեր հավաքականի պատվին կազմակերպված ճոխ արարողությունից հետո օլիմպիական չեմպիոն շախմատիստները համալիրից տուն գնացին տաքսի «գալասավատ» անելով», – նշում է «ՀԺ»-ն:
Թերթը մի լուսանկար է տպագրել, որտեղ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոբերտ Հովհաննիսյանն է` հարազատների հետ տաքսի նստելիս. նրանք դափնեպսակն են տեղավորում տաքսիի դիմացի նստատեղին: