Հայաստանի կոմունիստները 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում են հերթական անգամ միավորվել և համատեղել իրենց ուժերը, որ կարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը, եթե միավորումը չստացվի`գոնե դաշինք ձևավորեն և այդպես մասնակցեն ընտրություններին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ բանակցողների թիմը գրեթե նույնն է, ինչ նախորդ ընտրություններից առաջ` Ռուբեն Թովմասյանի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Վազգեն Սաֆարյանի Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցությունը , Յուրի Մանուկյանի Նորացված կոմունիստական կուսակցությունը:
Այս խմբում փորձելու են ընդգրկել նաև սոցիալիստական ուղղվածության կուսակցություններին, ինչպիսին են Մովսես Շահվերդյանի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և Ռոբերտ Փոլադյանի Սոցիալիստական կուսակցությունը:
«Թեև այս բոլոր անձինք կոմունիստական գաղափարախոսության կրողներ են, սակայն բազմաթիվ տարաձայնություններ ունեն, որոնք անցյալում չեն կարողացել հաղթահարել, և այդ պատճառով նրանց մի մասն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին, մյուս մասն էլ չի կարողացել հինգ տոկոս քվե ստանալ», – նշում է թերթը: